«Իրատեսի» հյուրը կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է։ Տարին հոբելյանական է։ Լրանում է երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25 տարին։ Էդմոնդ Մակարյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս է, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգային-կազմակերպական բաժնի ղեկավարը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է, 2017 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով:
-Էդմոնդ, սովորել եք Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, մինչ այդ՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանում։ Ինչո՞վ է պայմանավորված այսքան տարբեր մասնագիտությունների ընտրությունը։
-Թվում է՝ իրարից տարբեր, բայց գոնե ինձ համար իրականում իրար նման և իրար լրացնող մասնագիտություններ են։ Շնորհիվ ճարտարագիտական գիտելիքների ես կարողանում եմ ճիշտ կառուցել իմ երաժշտությունը։ Եվ, ի վերջո, ճարտարագիտական համալսարանում սովորելու տարիները, այդ միջավայրը, մեծապես նպաստել են իմ աշխարհայացքի ձևավորմանը։ Եթե չլիներ ճարտարագիտական համալսարանը, ես պարզապես այլ մարդ կլինեի: ՈՒրախ եմ, որ սովորել եմ այդ համալսարանում և կրկնակի ուրախ, որ ես ձևավորվել եմ այնպիսին, ինչպիսին որ կամ։
Իսկ ընտրությանս համար, նախ ասեմ, որ բացի երաժշտությունից, սիրում էի նաև ֆիզիկա, մաթեմատիկա, նաև աշխարհագրություն, պատմություն առարկաները։ Անսալով ծնողներս խորհրդին՝ ձեռք բերեցի ևս մի մասնագիտություն։ Հիշում եմ անգամ, երբ 9-10 տարեկանում կոմպոզիցիայի մասնավոր դասեր էի առնում Արամ Սաթյանից, նա ասում էր, որ մասնագիտական ընտրության հարցում պետք է լինել ազատ, եթե երաժշտությունը քոնն է, դու հետ կգաս:
-Գիտեմ, որ բազմաժանր է Ձեր «ստեղծագործական ներկապնակը», ունե՞ք նախընտրելի երաժշտական ուղղություն:
-Ստեղծագործում եմ տարբեր ժանրերում՝ ակադեմիական (սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններ), էստրադային (մյուզիքլ, երգեր)։ Գրում եմ նաև երաժշտություն ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գովազդերի համար։ Ստեղծագործություններիցս ամեն մեկն ինձ համար իր ուրույն տեղն ունի՝ ամենափոքր դաշնամուրային պիեսից մինչև սիմֆոնիա։ Ես ամբողջապես նվիրվում եմ ստեղծագործության ստեղծման պրոցեսին։ Եվ, ի վերջո, եթե դու պրոֆեսիոնալ երաժիշտ ես (ոչ թե պարզապես կարողանում ես հորինել), բոլոր ժանրերը, որոնցով ստեղծագործում ես, քեզ համար նույն հարթության մեջ են։
-Այնուամենայնիվ, կան առանձնացող ստեղծագործություններ. հայ զինվորին նվիրված «Արժանի» երգը շատ սիրվեց ու հաճախ է հնչում։ Նաև մրցանակի էր արժանացել։
-ՈՒրախ եմ, որ այդ ստեղծագործությունս հավանության է արժանացել ունկնդրի կողմից, ինչը նաև թեմատիկայով է պայմանավորված, գուցե նաև ստեղծագործելու ժամանակ իմ հոգեվիճակից, ինչու՞ ոչ, նաև կատարողներից (Սևակ Ամրոյան, Գառնիկ Սարգիսյան)։
-Որքան գիտեմ՝ Երկու թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունն էլ մեծ ճանապարհ է անցել։
-Հուսամ՝ դեռ կշարունակի իր ճանապարհը: Այդ ստեղծագործությունը կոչվում է «Խանգարվածը», ընտանիքը կորցրած պարուհու մասին է: Մի քանի անգամ հնչել է Հայաստանում, տպագրվել թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների ժողովածուում: Ռուսաստանում այն կատարել է անվանի թավջութակահար, կոմպոզիտոր Յարոսլավ Սուձիլովսկին, ով, ի դեպ, նաև ՌԴ կոմպոզիտորների միության (ՌԴԿՄ) երիտասարդական մասնաճյուղի ղեկավարն է, Վրաստանում կատարել է ՎԿՄ նախագահ Գոգի Շավարզաշվիլին։ Հնչել է նաև ԱՄՆ-ում:
-Խոսենք կինոերաժշտությունից. ֆիլմում հնչող երաժշտությունը հաճախ լայն տարածում է ստանում։ Առհասարակ, ինչպե՞ս է ստեղծվում ֆիլմին ուղեկցող երաժշտությունը։
-Ցանկացած ֆիլմ առանձին մոտեցում է պահանջում։ Բոլոր դեպքերում, պետք է ստեղծել ոչ թե հիթային, հեշտ ընկալելի, այլ ֆիլմն ամբողջացնող երաժշտություն։ Ինչ խոսք, առաջին հերթին կարևոր է հանդիսատեսի արձագանքը: Օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ «Ժիրայր Գլենց» հեռուստանովելի հեռարձակումից հետո մեծ թվով նամակներ էի ստանում անծանոթ մարդկանցից, ովքեր ասում էին, որ հավանել են երաժշտությունը և անգամ նոտաներն էին ուզում։ Սա է ամենամեծ գնահատականը: Փաստորեն երաժշտությունը համահունչ է եղել ֆիլմին, ինչը մարդկանց էլ ավելի է մոտեցրել իմ երաժշտությանը։
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք գրել երաժշտություն ֆիլմերի համար։ Ո՞րն է վերջին ֆիլմը, որի երաժշտությունը Ձեզ է վստահվել։
-2013-ին, երբ արդեն մեկ կարճամետրաժ վավերագրական ֆիլմի երաժշտության հեղինակ էի, առաջարկ ստացա գրելու ռեժիսոր Վահե Սահյանի «Ելք չկա» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի երաժշտությունը: Հենց առաջին «փորձության» ժամանակ որոշեցինք բարձր նշաձող սահմանել` ստեղծելով ֆիլմի երաժշտություն սիմֆոնիկ նվագախմբի համար: Կատարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Պրոդյուսեր, իմ լավ ընկեր Կամո ՈՒնանյանի հետևողական աշխատանքի շնորհիվ ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ ներկայացվեց Կաննի կինոշուկայում: Իսկ այս պահին աշխատում եմ երիտասարդ ռեժիսոր Համո Շախ-Հակոբյանի «Երկուսն ու երկուսը» ֆիլմի երաժշտության ստեղծման վրա։ Համավարակով պայմանավորված` ֆիլմի նկարահանման աշխատանքները հետաձգվել էին:
-Խանդի զգացողություն չե՞ք ունենում, երբ Ձեր ստեղծագործությունը սիրում են, կատարում, տարածում` հաճախ չիմանալով, թե ով է հեղինակը։
-Ընդհակառակը։ Ստեղծագործությունը երեխայիդ նման է, երբ այն սկսում է ինքնուրույն կյանքով ապրել, թևեր է առնում, ստեղծագործողի համար դրանից լավ բան լինել չի կարող, անգամ եթե մարդիկ այն սիրեն, չիմանալով՝ ով է հեղինակը։
-Իբրև երաժիշտ՝ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքի աղմուկին։
-Որպեսզի մտքերս կարգի բերեմ, ստեղծագործեմ, շուրջս պետք է լուռ լինի։ Բայց մեր քաղաքը աղմկոտ է և կոլորիտային է նաև իր աղմուկով։ Մենք բարձր ենք խոսում, գործ անելիս աղմկում ենք, բայց և այնպես, սրտաբաց ենք, հյուրընկալ, ու հենց այս դետալներն են Երևանը ամբողջացնում։ Ի վերջո, քաղաքը մարդկանցով է քաղաք։ Ես սիրում եմ մեր քաղաքը։
-Երաժշտությամբ կարո՞ղ ենք բնութագրել տվյալ ժամանակաշրջանը։
-Դժվար թե։ Մեր օրերում բավական տարբեր ուղղվածությամբ են ստեղծագործում, տարբեր ժանրերում։ Նախ կա մի կարևոր հանգամանք՝ ինչպես է ծնվում երաժշտությունը` պատվե՞ր է, թե՞ զուտ քո սեփական հոգեվիճակի արտահայտությունը։ Երաժիշտը գուցե գրում է ժամանակակից երաժշտություն, բայց, օրինակ, ֆիլմի համար պատվիրում են գրել մեղեդային երաժշտություն, ու լսողին կարող է թվալ, թե դրանք երկու տարբեր հեղինակների ստեղծագործություններ են։
-Պատվերով ստեղծվել են համաշխարհային գլուխգործոցներ։ Դա նույնպես դրդիչ ուժ է։
-Իհարկե, եթե առաջարկում են գրել երաժշտություն, ուրեմն գնահատում են քո արվեստը։ Եթե խոսում ենք հայկական շուկայի մասին, ապա երաժիշտն իր հերթին փոքր շուկայում մեծ քմահաճույքներ չպետք է ցուցաբերի, օրինակ՝ X գումար պահանջի, երբ պատվիրատուն ի զորու չէ վճարելու։ Իհարկե, գնահատել է պետք քո աշխատանքը, այն ժամանակը, որ ծախսել ես, բայց կարևոր է նաև իրականությունը իրատեսորեն գնահատելը: Ի վերջո, կրկնում եմ, կարևոր է, որ ուզում են քեզ հետ աշխատել, գնահատում են արվեստդ, ստեղծածդ էլ դարակում չի մնում, նոր կյանք է ապրում, նոր տեղ գնում։
-Համավարակ, մեկուսացում, տեղաշարժի ու շփման սահմանափակումներ, տարատեսակ մշակութային միջոցառումների անժամանակ դադար. այս ամենն ի՞նչ ազդեցություն ունի արվեստագետների, հանրության, առհասարակ, մեր իրականության վրա։
-Ես չեմ սրտնեղել այս ժամանակահատվածում, սա ինչ-որ առումով հնարավորություն էր ինքնամաքրվելու, սեփական մտքերն ի մի բերելու, ընտանիքի անդամների հետ ավելի շատ շփվելու։ Մենք ապրում ենք գերարագ ժամանակներում, թվում է՝ հասցնում ենք ամեն բան։ Իրականում շատ բաներ արագ անում ենք ու անցնում։ Չնայած առաջացած բազմաթիվ խնդիրներին՝ բոլորիս պետք էր մեկ վայրկյան կագնել ու շնչել: Մշակութային միջոցառումների դադարը, իհարկե, մեծ վնաս է, դրանց պակասը զգացվում է ու զգացվելու է։ Տա՛ Աստված՝ բոլորս առողջ լինենք, բայց ավելի քան համոզված եմ, որ երկրորդ նման «հնարավորություն» չենք ունենալու։ Պետք է արդյունավետ օգտագործել այս «պարտադրված» դադարը, նոր մտքերով, ուժ հավաքած նախապատրաստվել ոչ կորոնավիրուսային ժամանակներին։
-Ինձ թվում է՝ անկումային տրամադրություններ ու գույներ են լինելու նոր ստեղծվող գործերում։ Ինքներդ այս ընթացքում ստեղծագործե՞լ եք։
- Բացի ֆիլմի երաժշտությունից, երեք թավջութակի համար ստեղծագործության վրա եմ աշխատում։ Իհարկե, նկատելի կլինի ազդեցությունը այն ամենի, ինչ կատարվում է աշխարհում։ Նյարդային տարրերով երաժշտություն է լինելու։ Կարելի է ասել` հոգեվիճակ՝ դիմակից այն կողմ։ Հենց այդպես էլ վերնագրված է՝ «Դիմակից այն կողմ»։
-Ստեղծագործում եք 8 տարեկանից։ 25 տարի է Ձեր կյանքն ուղղակիորեն կապված է երաժշտության հետ։ Որևէ կերպ նշելու մտադրություն ունե՞ք։
-Ամեն բան իր ժամանակին է գեղեցիկ, դեռ առիթ կլինի: Այս տարիներին փորձում եմ կուտակել ու թղթին հանձնել այն բոլոր երաժշտական մտքերը, որ կան և տրվում են ինձ։ 25 տարին քիչ ժամանակահատված չէ ստեղծագործելու համար, բայց կարծում եմ, որ ես 25 տարի է դե՛ռ ստեղծագործում եմ , այլ ոչ թե՝ արդե՛ն ստեղծագործում։
-Հակիրճ ներկայացրեք Ձեր ծրագրերը. ենթադրում եմ, որ մեծ մասը հետաձգվել է։
-Իմ խորին համոզմամբ՝ կյանքն էլ չի լինի այն, ինչ կար։ Մենք փակեցինք նախորդ կյանքն ու այնտեղ թողեցինք մեր` այդ ժամանակներին համահունչ ծրագրերը։ Երբ ավարտվի համավարակը, ամեն բան պետք է նորից սկսել, ծրագրերին նոր ձևաչափ հաղորդել։ Պետք է մտածել նոր նախագծերի մասին, նոր գաղափարների։
-Հետադարձ հայացքով սխալների ուղղման անհրաժեշտություն կլինի՞։
-Եղել է այն, ինչ արդեն եղել է։ Իհարկե, կարող էր լինել շատ ավելի լավ, չի բացառվում, որ լիներ ավելի վատ։ Պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն, ընտանիքիս, նաև այն մարդկանց, ովքեր եղել են կողքիս և նպաստել թե՛ որպես մարդ, թե՛ որպես կոմպոզիտոր իմ ձևավորմանը։ Սխալներ ու բացթողումներ, իհարկե, եղել են, բայց հենց դրանք են օգնում մտածել, առաջ գնալ, վերաձևավորվել։
-Տեսլական, երազանք կամ ապագայի ծրագրեր ունե՞ք։
-Ամենակարևորը` քո գործով լինես պիտանի երկրիդ, ժողովրդիդ, ընտանիքիդ: Իսկ առհասարակ, Վազգեն Սարգսյանին նվիրված մեծակտավ թատերա-երաժշտական ստեղծագործություն գրելու ցանկություն և մտադրություն ունեմ։ Պատառիկներ արդեն կան, գրվել են, միտքս չի կտրվում այդ գործից, բայց ամբողջացնելու համար դեռ պետք է եփվի իմ մեջ։ Ժամանակ է պետք:
-Կոմպոզիտորների միությունում ամենօրյա վարչական աշխատանքը դժվա՞ր է համատեղել ստեղծագործականի հետ։
-Վարչական աշխատանքը շատ ժամանակ է խլում ու փոքր-ինչ հեռացնում ինձ ստեղծագործելուց, բայց ես այն անում եմ մեծ սիրով և ուրախ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել նաև իմ գործընկերներին, նպաստել նրանց կյանքում նոր փոփոխությունների, նոր համերգների։
-Միրզոյանական մրցույթի մասին ի՞նչ կասեք։ Այս տարի այն անցկացվեց առցանց։
-Միրզոյանական մրցույթը յուրահատուկ տեղ ունի իմ կյանքում։ Այն արդեն յոթ տարի անընդմեջ հնարավորություն է տալիս պատանիներին դրսևորվելու, ներկայանալու ինչպես պրոֆեսիոնալ հանրությանը, այնպես էլ լայն շրջանակի երաժշտասերներին։ Երբ փոքր էի ու ստեղծագործում էի, ինքս ունեի նման միջոցառումների կարիք, ուզում էի, որ ավելի մեծ թվով մարդիկ լսեն ինձ։ ՈՒստի կարևոր էր այս հարթակի ստեղծումը: Կոմպոզիտորների միությունը հանրապետությունում առաջինն էր, որ նախաձեռնեց առցանց մրցույթ-փառատոն, ոչ ժամկետը փոխեցինք, ոչ հիմնական ձևաչափը։ Պարզապես, հաշվի առնելով պատանիների հոգեվիճակը, այս տարի այն չանցկացրինք մրցութային կարգով, ընտրեցինք տասը լավագույն ստեղծագործութուններ, որոնք հնչեցին մշակութային հարթակներում, այդ թվում` նախարարության, կոնսերվատորիայի և այլն։ Փառատոնը կյանքի կոչեցինք այն ընթացքում, երբ ամեն բան նոր էր, խառը, անորոշ։ Կարծում եմ, որ այն հաջողվեց։
-Մի վերջին հարց. ո՞րն է Ձեր ամենահաջողված ստեղծագործությունը:
-Որդիս:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ